Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքերը շարունակում են քրիստոնէական եկեղեցիները վաճառելու կամ դրանք ախոռի վերածելու լայնածաւալ գործունէութիւնը: Նրանք 5 միլիոն դալարով վաճառքի են հանել Մարդինում 4-րդ դարում կառուցուած Մօր Իւհաննա ասորական եկեղեցին: Վաճառքով զբաղուող` անշարժ գոյքի գործակալութեան համացանցային յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշուել է, որ եկեղեցին «շատ չի օգտագործուել»:

Թուրքական Radikal պարբերականը կապ է հաստատել եկեղեցին «գովազդած» առքուվաճառքի գործակալ Իւսուֆ Քանաքի հետ, ով, ինչպէսեւ նախորդ նման դէպքերում, հրաժարուել է տեղեկութիւն դրամադրել եկեղեցու սեփականատիրոջ մասին:

Լրագրողի հետ զրոյցում Քանաքը յայտնել է, որ մշակոյթի նախարարութեան կամ կալուածքները պաշտպանութեան տակ վերցնող կառոյցներից որեւէ ներկայացուցիչ եկեղեցին գնելու համար չի զանգահարել, սակայն հետաքրքրուողներ շատ կան: «Ցանկացած պահի կարող է վաճառքն իրականացուել»,- յայտնել է նա:

Թուրքական թերթը եկեղեցու հարցով զրուցել է մշակոյթի եւ բնական ժառանգութիւնների պաշտպանութեան հիմնարկի` Տիգրանակերտի շրջանի ճարտարապետ Նեսլիհան Օզքանի հետ, որի պատասխանը չի բաւարարել:

«Քանի որ կալուածքը սեփականութեան վկայական ունի, պատասխանատուութիւնը հիմնադրամների ընդհանուր տնօրինութեանն է: Քանի որ այն պատմական կառոյց է, վաճառքի եւ վկայականի փոխանցման հարցով սեփականութեան կադաստրի ընդհանուր տնօրինութիւնը կարող է մեզ դիմել, սակայն եկեղեցին չի մտնում մեր տարածքի մէջ»,- ասել է նա:

Թերթն այս անբաւարար պատասխանի մասին գրել է. «Մի նայէք, որ այս պատասխանը չի բաւարարում: Պաշտօնական կառոյցներից այս հարցի վերաբերեալ միակ պատասխանն է սա»:

Radikal-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել հիմնադրամների ընդհանուր միութեան՝ Տիգրանակերտի շրջանի իրաւասու մարմինների հետ:

Թերթը նշում է, որ զանգահարելուց յետոյ խուճապի են մատնուել` ասելով՝ «լրագրող է զանգահարում», եւ մի քանի զանգերից յետոյ միայն ինչ-որ մէկը բարեհաճել է պատասխանել զանգին` ասելով. «Բոլոր աշխատողները քաղաքից դուրս են մեկնել՝ ցուցահանդէսի: Փորձէք զանգահարել գիշերը կամ վաղը…»:

Թղթակիցն այնուհետեւ կապ է հաստատել Մարդինի ասորական համայնքի ներկայացուցիչ Գաբրիէլ Աքիւզի հետ: Զրոյցի ընթացքում յայտնի է դարձել, որ եկեղեցին դեռ աւելի վաղ է կառուցուել, քան նշուած է յայտարարութեան մէջ:

«Այն կրօնական եւ հոգեւոր մեծ արժէք ունի մեզ համար, այնտեղ գերեզմանատուն կայ: Մենք կապ հաստատեցինք այն մարդու հետ, ում մօտ է գտնւում դրա սեփականութեան վկայականը, եւ յայտնեցինք, թէ ինչ արժէք ունի այն մեզ համար: Մեզ առաջարկեց գնել այն, սակայն մենք այդ գումարը վճարելու հնարաւորութիւնն ու աղբիւրը չունենք: Մի շարք օրինական քայլերի դիմեցինք, սակայն՝ ապարդիւն: Քանի որ եկեղեցին մասնաւոր սեփականութիւն է, մեզ ասում են՝ դժբախտաբար, ոչինչ անել չենք կարող»,- ասել է ասորական համայնքի ներկայացուցիչը:

Իսկ թէ ի՞նչ ճակատագիր է ունենալու եկեղեցին, Աքիւզը թղթակցին ասել է. «Գուցէ դուք այդ մասին գրէք, մի ճար գտնուի»:

«Փաստօրէն, Թուրքիայում պատմական վայրերի՝ վաճառքի հանուելու հարցում ճար որոնելը մնացել է թերթերի յոյսին»,- եզրափակում է լրագրող Հաքքը Օզդալը:

Յիշեցնենք, որ երեկ հայկական գիւղեր, գերեզմանատան եւ այլ տարածքներ վաճառող թուրքակաայ անշարժ գոյքի գործակալութեան կայքը Բուրսայում գտնուող Քեմերլի եկեղեցին էր վաճառքի հանել` 1 միլիոն դոլարով: